Բուդապեշտում սպանված հայ զինվորական ուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող Նազելի Վարդանյանը պաշտոնապես տեղյակ չի պահվել Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի դատավարության սկսվելու մասին: Այս մասին, մասնավորապես, ասվում է հայ օմբուդսմեն Լ.Ալավերդյանի նամակում` ուղղված Հունգարիայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով լիազոր Բարնաբի Լենկովիչին: Ն.Վարդանյանն իմացել է գործընթացն սկսելու ամսաթվի մասին մամուլից` դատավարության սկսվելուց ընդամենը երկու շաբաթ առաջ: Այդ փաստը մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում: Սակայն խորհրդարանական լիազորն ինքը չի պատասխանել Լ.Ալավերդյանի նամակին: Պատասխան նամակն ուղարկել է նրա տեղակալը` նշելով, որ մարդու իրավունքների հարցերով լիազորը դատավարությանը խառնվելու իրավասություն չունի: Ընդսմին նամակում հավաստիացվում է, որ դատավարությունն օբյեկտիվ կանցկացվի: