AM
20 November 2004 - 15:17 AMT

ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՑԵՆԱՐԸ «ATLANTIC MONTHIY» ԱՄՍԱԳՐՈՒՄ

«Atlantic Monthly» ամսագրի դեկտեմբերյան համարում հրապարակվել է հոդված Իրանի հարցում ԱՄՆ քաղաքականության հնարավոր սցենարների մասին: Աղբյուրի համաձայն, ԱՄՆ ՌՕՈՒ նախկին գնդապետ Սեմ Գարդիների նախապատրաստած ռազմական խաղի սցենարով, որը ներկայացվել է ռազմական խաղերի գծով խմբի հանդիպմանը, առաջարկվում է օգտագործել Ադրբեջանի տարածքը հատուկ ուժերի տեղակայման եւ օդից Իրանին հարվածներ հասցնելու համար (Իրաքի, Պարսից ծոցի տարածքից հարձակումների եւ Աֆղանստանի տարածքից օժանդակ գործողությունների հետ մեկտեղ): Այնուհետեւ նշվում է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմական օդակայանները չափազանց փոքր են այդ նպատակով օգտագործվելու համար: Այդ պատճառով, առաջարկվում է հատկացնել 700 մլն դոլար դրանք ընդլայնելու համար: Հիշատակվում են Ադրբեջանի ռազմաօդային օբյեկտները, որոնք կարող են օգտագործվել Իրանի հետ պատերազմի սցենարում: Դրանք են Բաքվի («Բինա», «Կալա»), Սումգաիթի, Կարա Չալայի, Կյուրդամիրի, Գյանջայի, Դալերի, Նախիչեւանի, Լենկորանի, Եվլախի օդակայանները: Ակնհայտ է, որ այստեղ չեն հիշատակվում հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքները: Սցենարի համաձայն առաջարկվում է «պետքարտուղարի հետ իր գործողությունները համակարգող պաշտպանության քարտուղարին օժտել իրավասություններով Ադրբեջանի հետ քննարկումներ սկսելու համար»: Սցենարը ենթադրում է ձգտումը «ընդլայնել Ադրբեջանի ռազմաբազաները, ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում ԱՄՆ զորքերի հնարավորությունները ավելացնելու համար»: Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ԱՄՆ-ն պետք է «սահմանափակ քանակությամբ օգնություն առաջարկի Լեռնային Ղարաբաղի վիճահարույց հարցերը լուծելու համար»: Հայաստանը ռազմական պլանում չի հիշատակվում:
Պետք է նշել, որ Ս.Գարդիների առաջարկները, այդ թվում նաեւ ԼՂ վերաբերյալ, մերժվել են ռազմական խաղերի խմբի կողմից որպես «Իրաքում ԱՄՆ շահերին հակասող»: Ինչպես գրում է ամսագիրը, հանդիպման վերջում նրա մասնակիցները կրկին կրկնել են «վաշինգտոնյան ավանդական իմաստությունը» այն մասին, որ Իրանում չկա գրավիչ ռազմական թիրախ, սակայն նախագահը պետք է շարունակի սպառնալիքները Իրանի հասցեին` բանակցություններում առաջխաղացման հասնելու համար: Միեւնույն ժամանակ, նշում է աղբյուրը, ԱՄՆ-ն այնուամենայնիվ շահագրգռված է Ադրբեջանի տարածքը Իրանի հետ պոտենցիալ պատերազմում օգտագործելու մեջ, իսկ Բաքուն իր տարածքների օգտագործումը պայամանվորում է ԱՄՆ-ից օգնության ակնկալիքով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում: Հոդվածի օրիգինալը զետեղված է tttp://www.theatlantic.com/doc/prem/200412/fallows կայքում: