AM
29 November 2004 - 16:08 AMT

ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԵՎՐԱԱՏԼԱՆՏՅԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ՇՆՈՐՀԱՀԱՆԴԵՍԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Վաշինգտոնում մեր աղբյուրի հաղորդագրության համաձայն, «Ադրբեջանը եւ Եվրաատլանտյան ընկերակցությունը» շնորհահանդեսը անցյալ շաբաթ Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում կազմակերպել էին Ադրբեջանի խորհրդարանի անդամներ Սամադ Սեիդովը եւ Ասիմ Մոլլազադեն, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ: Ասուլիսին մասնակցել են Ադրբեջանի նախագահական վարչակազմի «գաղափարախոսներ» եւ միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարներ Ալի Գասանովը եւ Նովրուզ Մամադովը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը: Շնորհահանդեսը ուներ երկակի նպատակ. ներկայացնել Ադրբեջանը որպես արեւմտամետ պետություն, եւ որպես պետություն, որը ձգտում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը «բաց» բանակցությունների ճանապարհով: Հիշեցնենք, որ Սաիդովը եւ Մոլլազադեն ներկայացնում են Ադրբեջանը ԵԽԽՎ-ում: Կազմակերպիչները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանը տվյալ պահին միակ «անկախ երկիրն է տարածաշրջանում»: Վրաստանը թույլ է եւ Ադրբեջանը «օգնում է նրան դառնալ ավելի ժողովրդավարական», Իրանը վտանգավոր է, իսկ Հայաստանը «կախված է ռուսական ռազմական օգնությունից»:
Մոլլազադեն ընդգծել է, որ նոր պատերազմը ձեռնատու չէր լինի Ադրբեջանի համար, քանի որ կխանգարեր նավթային բիզնեսի զարգացմանը:
Ռիչարդ Կոզլարիչը հիշեցրել է, որ Ադրբեջանում իր եղած ժամանակ, նա լսել է միայն պատերազմի կոչեր, ավելացնելով սակայն, որ «միգուցե Հայաստանում նույնն էր կատարվում»: Ի պատասխան դրան, Սեիդովը մեղադրել է փախստականներին ռազմատենչ հայտարարությունների տարածման մեջ:
Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Էլդար Սալաեւը նկատել է, որ ժողովրդավարական պայմանները Ադրբեջանում անընդհատ վատանում են եւ հարց է տվել, թե ինչպես Ադրբեջանը կարող է ժողովրդավարություն սովորեցնել Վրաստանին: Դրան ի պատասխան Մոլլազադեն հայտարարել է, որ իրենք կոչ էին անում վրաստանաբնակ ադրբեջանցիներին քվեարկել Սահակաշվիլու օգտին` համոզելով, որ նա հայ չէ: