AM
1 Օգոստոս 2012 - 09:59 AMT

Բաքուն նեղացել է Sky News-ից տոմսեր վաճառող ադրբեջանցի պաշտոնյաների մասին հաղորդման համար

Excel կենտրոնի մոտ տոմսերի վաճառքով զբաղվող մարդը, որտեղ անցնում են օլիմպիական մրցումները, հազիվ թե պաշտոնապես Ադրբեջանն էր ներկայացնում, հայտարարել են Լոնդոնի Օլիմպիական խաղերում ադրբեջանական պատվիրակության անդամները:

«Տոմսերը չեն հերիքում նույնիսկ ադրբեջանցիների համար: Ես ինքս գնում եմ տոմսերը 125 ֆունտով և փոխանցում եմ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչներին: Վերջին շաբաթում, Օլիմպիադայի մեկնարկից ի վեր, ես 2000 ֆունտ եմ ծախսել տոմսերի համար: Ոչ ոք չի կարող այդքան տոմս ունենալ, որքան ասվում է հաղորդագրության մեջ»,-Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մադաթովի խոսնք է մեջբերում Բի-բի-սիի ադրբեջանական ծառայությունը:

Ըստ բրիտանական Sky News-ի, թաքնված տեսախցիկը գրանցել է, թե ինչպես են ադրբեջանցի պաշտոնյաները օլիմպիական մրցումների տոմսեր վաճառում Լոնդոնի Excel կենտրոնի առջև:

Sky News-ը պնդում է, որ տոմսերի վրա, որոնք վաճառում է ադրբեջանական դրոշն ուսերին գցած ոմն մեկը, ընթերցվում է «Ադրբեջանական օլիմպիական կոմիտե» գրառումը:

Մադաթովը ժխտել է այդ տեղեկությունը և նշել է, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը: