«Գազետասնմգ.ռու»-ի վերլուծական բաժինը ուշադրություն է հրավիրում, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու բանակցությունների արագացման մասին Բրյուսելի որոշումը եւ Վլադիմիր Պուտինի այցն Անկարա համընկել են: Աղբյուրի համաձայն` որոշ թուրքական ԶԼՄ-ներ կրկին սկսել են խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր կարգավորման, ինչպես նաեւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Ինտերնետ թերթի կարծիքով` «անուղղակիորեն նշվում է, որ Անկարան բոլորովին մտադիր չէ հրապարակայնորեն եւ միանշանակ աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հարցում»: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Թուրքիան նաեւ չի հրաժարվում երկաթուղիով Հայաստանի արտաքին առեւտրական տրանզիտից` Գյումրիից մինչեւ Անկարա,Ստամբուլ եւ Բալկաններ: «Հիմք կա ենթադրելու, որ Մոսկվայի, Անկարայի եւ Երեւանի երկարաժամկետ տնտեսական շահերը թույլ կտան երկրորդ պլան տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: Ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները, Անկարայում հասկանում են, որ Թուրքիայի անզիջողականությունը եւ, օրինակ, ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը Հյուսիսայում Կովկասի իրադարձություններին կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը (նաեւ Հայաստանը) կսկսի աջակցել քուրդ ապստամբներին: Իսկ գործում են նրանք հատկապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում: Ինչպես ենթադրում է թուրք պատմաբան Քերիմօղլուն,«Թուրքիան իր հետաքրքրություններն ունի տարածաշրջանում, սակայն նա չի ցանկանում վիճել Ռուսաստանի եւ տարածաշրջանում նրա դաշնակիցների հետ: Թուրքիան նաեւ զգուշանում է նրանից, որ քանի դեռ նա հարաբերություններն է պարզում Մոսկվայի եւ Երեւանի հետ, ամերիկացները կհաստատեն իրենց գերիշխանությունը Անդրկովկասում եւ Կասպիայում (ինչպես նրանք դա արեցին Իրաքի հյուսիսում, որին հավակնում էր Թուրքիան)»: Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները միշտ չեն անխռով, իսկ հակաթուրքական տրամադրություններն այնքան էլ հազվադեպ չեն ռուսալեզու ադրբեջանցի մտավորականության եւ հասարակության մյուս շերտերի մոտ: