AM
28 January 2005 - 13:47 AMT

ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԵՐՁԵՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Շարունակվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Իտալիա: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկ Իտալիայի նախագահ Կարլո Չամպին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական Միության հետ մերձենալու գործում: «Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար, եւ անկայունության վտանգը թուլացնում է նրա առաջխաղացման հեռանկարները», – նշել է Կ.Չամպին: «Մենք պատրաստ ենք լրջորեն զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում», – Հռոմում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Իտալիան մտադիր է աջակցել նաեւ Հայաստանի տնտեսական զարգացմանը` անմիջական ներդրումների ճանապարհով: Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ Ռ. Քոչարյանի հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հուշագիր մանր եւ միջին բիզնեսի բնագավառում համագործակցության մասին: