Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամները Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո մի քանի շաբաթ կհանգստանան, ապա կվերադառնան մարզումներին:
Ինչպես նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, իրենք արդեն սեպտեմբերից կսկսեն նախապատրաստվել արդեն նոր քառամյա ցիկլին:
“Նոյեմբերին կկայանա Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո հավաքականը կկազմավորվի և կմեկնի Ծաղկաձոր: Այնտեղ մենք կունենանք ընդհանուր և ֆիզիկական պատրաստվածության մարզումներ”,- նշեց Ջուլֆալակյանը:
Հոկտեմբերին կկայանա Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Ըստ մարզչի, սա հնարավորություն կտա երիտասարդ ըմբիշներին ավելի փորձ ձեռք բերել:
Նշենք, որ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբիշներից արծաթե մեդալ էր նվաճել Արսեն Ջուլֆալակյանը, իսկ Արթուր Ալեքսանյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:






