Ինչպես տեղեկացնում է Կրասնոդարում հրատարակվող հայկական «Երկրամաս» թերթը, Բուդյոնովսկում (Ստավրոպոլի մարզ) բարբարոսները վնասել են քաղաքը հիմնադրած հայերին նվիրված հուշարձանը: «Հայրերին` Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիրներին» նվիրված համալիրի բացումը կայացել է 2004 թվականի հոկտեմբերի 17-ին: Համալիրը բաղկացած է 8 մետր բարձրություն ունեցող կամարից, խաչքարից եւ քարերի կոմպոզիցիայից: Տուժել են համալիրի ե’ւ հայկական, ե’ւ ռուսական կողմերը` ռուսական մասից պոկել են «1799-2004» թվերը, իսկ հայկականից` նույն թվերը եւ համարյա ամբողջովին «Սուրբ Խաչ» գրությունը: Թերթի խոսքերով` կատարվածը կարող է լինել ինչպես հակակովկասյան տրամադրությունների արդյունք, այնպես էլ սատանիստների ձեռքի գործը: Թերթը գրում է նաեւ, որ տեղական հայ համայնքի ղեկավարները, որոնց նախաձեռնությամբ կառուցվել է հուշարձանը, ներկայումս մտածում են, թե ինչպես հուշարձանի մի մասում, վերանորոգելուց հետո «հակաբարբարոսային» բովանդակությամբ գրություն տեղադրեն: Սուրբ Խաչ քաղաքը (ներկայումս Բուդյոնովսկ) հիմնադրվել է 1799 թվականին` հայերի եւ Ղարաբաղից, Դերբենտից եւ այլ վայրերից գաղթած հայկական հավատք ունեցող թաթաների կողմից` համաձայն Ռուսաստանի իմպերատոր Պավել Առաջինի շնորհագրի: