Վրաստանի ժողովրդական պաշտպանության ընդդիմադիր Լիգայի առաջնորդ Իրինա Սարիշվիլին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառը, որը ներկայացվել է պաշտոնատար անձանց կողմից, «բազմաթիվ հարցեր է առաջացնում»: Նա գտնում է, որ «Վրաստանի իշխող եռապետությունում Զուրաբ Ժվանիան ամենալուրջ հավասարակշռող ուժն էր եւ իրականում նրա մահը նշանակում է հավասարակշռության խախտում»: «Նախկին քաղբանտարկյալներն` ի օգուտ մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Նանա կակաբաձեն չի բացառում, որ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան չի մահացել դժբախտ պատահարի հետեւանքով, այլ նրան սպանել են: Խորհրդարանի նախկին պատգամավոր Զախարիա Կուցնաշվիլին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետության համբավի փրկության համար միակ ելքը պետք է դառնա ճշմաարտության սահմանումը` որքան էլ այն դառը լինի»: