«Ադրբեջանի մշակույթի նախարարության դիրքորոշումը միանշանակ է: Համատեղ ստեղծագործական եւ մշակութային նախագծերում, որտեղ ներգրավված են Հայաստանի ներկայացուցիչները, Ադրբեջանը չի մասնակցել եւ մտադիր չէ մասնակցել»,- «Կովկասյան հանգույց» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն` մեկնաբանելով գերմանացի դիրիժոր Ուվե Բերկհեմերի վերջերս կատարած առաջարկությունը` անդրկովկասյան կամերային նվագախմբի ստեղծման մասին: Նախարարի խոսքերով` նա պաշտոնական նամակ է ուղարկել գերմանացի դիրիժորին եւ բացատրել Ադրբեջանի հրաժարվելու պատճառները: «Մեզ բազմիցս առաջարկել են համագործակցել Հայաստանի հետ, ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Սակայն մեր դիրքորոշումը սկզբունքային է»,- ընդգծել է Ադրբեջանի մշակույթի նախարարը: