Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 505,6 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 516,7 մլրդ դրամ, ընդ որում պետբյուջեի պակասուրդը այդ շրջանում կազմել է 11 մլրդ դրամ: Այդ մասին օգոստոսի 29-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի գլխավոր գանձապետ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Կարևոր է եկամուտների աճի դինամիկան, 2012թ. հունվար-հուլիսին մենք հավաքել ենք 23 մլրդ դրամով ավելի, քան 2011թ. նախորդ շրջանի համեմատ»,-ասել է նա:
Ընդ որում, նա ուշադրություն է դարձրել, որ այս ցուցանիշում զգալի տեսակարար կշիռ ունեն հարկային եկամուտները, պետտուրքերն ու պարտադիր սոցվճարները: «2012թ. հունվար-հուլիսին բյուջե են մուտքագրվել է 31,7 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ՝ 2011թ. նախորդ շրջանի համեմատ, փաստացի ցուցանիշը կազմել է 476,7 մլրդ դրամ հարկային եկամուտներ»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի 2012թ. պետբյուջեով նախատեսվում էր հարկային եկամուտների աճ 101 մլրդ դրամով:
Նա հավելել է նաև, որ հաշվետու շրջանում Հայաստանի պետբյուջեում 10 մլրդ դրամով կրճատվել են մուտքերը պաշտոնական դրամաշնորհներից:
Ըստ նրա, պետական բյուջեի եկամուտների 94,3 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի ու պարտադիր սոցիալական ապահավության վճարների հաշվին, 5,3 տոկոսը ձևավորվել է այլ եկամուտների, իսկ 0,4 տոկոսը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ինչպես նշել է Ատոմ Ջանջուղազյանը, դրանք ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին աճել են 4,9 տոկոսով կամ 23,9 մլրդ դրամով 2011թ. նույն շրջանի համեմատ: «Մոտ 93 տոկոսը կամ 480 մլրդ դրամը կազմում են ընթացիկ ծախսերը»,-հավելել է նա:
Խոսելով Հայաստանի պետբյուջեի պակասուրդի մասին՝ երկրի գլխավոր գանձապահն ասել է, որ արտաքին ֆինանասավորումը կազմել է 30,4 մլրդ դրամ, իսկ ներքին ֆինանսավորումը՝ 19,4 մլրդ դրամ:






