Թուրքիան չպետք է պաշտպանի Ադրբեջանի շահերը եւ բարձրացնի հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների ազատման հարցը` որպես հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախապայման: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյակը: Նրա խոսքերով, իր գլխավորած կազմակերպությունը հանդես է գալիս հայ-թուրական հարաբերությունների ակտիվացման եւ Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակման օգտին: «Եվրոպայում արդեն վաղուց չկան սահմաններ, եւ ես գտնում եմ, որ Հայաստանին եւ Թուրքիային նույնպես չպետք է բաժանեն սահմանները: Հայաստանը եւ Թուրքիան պետք է օրինակ վերցնեն եվրոպական պետություններից»,- ասել է Քաան Սոյակը: Սակայն, ավելացրել է նա, հայ-թուրքական սահմանի բացման հարցը դեռեւս երկար չլուծված կմնա, եթե կողմերն այսուհետեւ էլ սկզբունքայնություն դրսեւորեն այդ հարցում: «Այդ հարցի շուտափույթ լուծման համար ես հնարավորինս ճնշում եմ գործադրում Թուրքիայի կառավարական շրջանակների վրա եւ հայ գործընկերներին կոչ եմ անում հետեւել իմ օրինակին ու ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա», նշել է թուրք գործարարը: