Կրասնոդարում գործող մի շարք հայկական կազմակերպություններ միավորվել են նոր հասարակական կառույցի` Կրասնոդարի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի կազմում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նոր կառույցի նպատակն է ջանքերի համախմբումը համատեղ միջոցառումների անցկացման եւ այլ հարցերի համաձայնեցման համար: 2005 թվականին ՀԽ գործունեության հիմնկան ուղղությունը կլինի Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը: Պլանավորված ակցիաների թվում են, որոնցից մի քանիսը արդեն ընթացքում են` կինոփառատոն (ֆիլմեր հայերի եւ Հայաստանի մասին), հայկական թեմաներով գրքերի հրատարակում եւ շնորհահանդես, Ցեղասպանության զոհ դարձած մշակույթի գործիչների հիշատակին նվիրված երեկոներ, Կրասնոդարի հայ նկարիչների ցուցահանդես, ցեղասպանությանը նվիրված գիտագործնական կոնֆերանս եւ այլ զանգվածային միջոցառումներ: