AM
15 February 2005 - 13:39 AMT

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԱՊՎԱԾ Է ՄԻԱՀՆ ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԲԱՆՏԻ ՀԵՏ

Հայ զինվորական Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետագա ճակատագիրը կապված է միայն հունգարական բանտի հետ, քանզի էքստրադիցիայի վտանգ չկա, «Open Armenia Forum» կայքում օն-լայն հարցազրույցի ընթացքում հայտարարել է Բուդապեշտի դատարանում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով` Սաֆարովը պատիժը կկրի Հունգարիայի տարածքում: Ինչպես նկատել է Դեմոյանը, դժվար է ասել դատավճիռը կկայացվի այս տարի, թե հնարավոր է, որ գործընթացը ձգձգվի անորոշ ժամանակով, քանզի ամեն ինչ կախված է դատական գործընթացից: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր դատարանից հասնել ծայրահեղ դատավճռի` ցմահ բանտարկության կայացմանը,ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ դա կախված չէ ո’չ ադրբեջանական եւ ո’չ էլ հայկական կողմերից: Վերջնական դատավճիռը կկայացնի դատավոր Անդրաշ Վասկուտին, որը շատ հետեւողական եւ սկզբունքային մարդու հեղինակություն ունի: Ինչ վերաբերվում է դատական գործընթացին, ապա Դեմոյանը նշել է, «պաշտպանության ստրատեգիան նախատեսում է, որ Սաֆարովը հրաժարվի պատասխանելուց, եւ իմ ենթադրությամբ, դա արվում է նրա համար, որպեսզի Սաֆարովն ավելորդ անկեղծություն թույլ չտա»: Կասկած չկա, որ առաջին նիստի ժամանակ Սաֆարովը կարդալով նախապես կազմված թուրքերեն տեքստը` անմիջապես հրաժարվել է պատասխանել ցանկացած հարցի: «Հետաքրքիր է, որ փետրվարին կայացած լսումների ժամանակ, դատավորի այն հարցին, թե «դուք քանի՞ տարեկան եք եղել 1993 թվականին, Սաֆարովը պատասխանել է. «Ես հրաժարվում եմ պատասխանել այդ հարցին», դրանով իսկ աշխուժություն առաջացնելով դահլիճում»,- նշել է Դեմոյանը: Նրա խոսքերով` պաշտպանության գիծը` դա հայ սպայի կողմից հրահրած սադրանքի առասպելն է: Սակայն միեւնույն ժամանակ, Սաֆարովի առաջին ցուցմունքներում, եւ ընդհանրապես ուրիշ ոչ մի վկայի ցուցմունքում չկա ոչ մի հիշատակում այն մասին, որ Գուրգեն Մարգարյանը եւ Հայկ Մակուչյանը «մաքրել են իրենց կոշիկները ադրբեջանական դրոշով», «միացրել են ադրբեջանուհիների բռնաբարման դեպքերի մասին տեսահոլովակներ»: Այդ «փաստերի» մասին իր առաջին ցուցմունքներում լռել է եւ Սաֆարովը, եւ երկրորդ ադրբեջանցի սպան, եւ նույնիսկ ադրբեջանցի փաստաբան Ադիլ Իսմաիլովը: Բավական է ասել, որ այդ «վարկածը» հայտնվել է ադրբեջանական մամուլում հանցագործությունից երեք շաբաթ անց: «Հարց է առաջանում` ինչո՞ւ ոչ անմիջապես, եթե նման աղաղակող փաստեր իրականում գոյություն են ունեցել: Նրանք, ովքեր ցանկանում են արդարացնել Սաֆարովին եւ վկայակոչում են այդ «փաստերը», պետք է գիտենեն, որ դա հրեշավոր սուտ է` արդարացնելու հրեշավոր հանցագործությունը»,- նշել է Դեմոյանը: Երկու լսումների ժամանակ ոչ մի անգամ չեն հիշատակվել այդ «փաստերը», ոչ դատարանի կողմից, ոչ էլ պաշտպանության կողմից: Բացահայտ ապատեղեկատվություն` Ադրբեջանի հասարակական գիտակցության մանիպուլյացիայի համար: Դժբախտաբար, դա արդեն Ադրբեջանի քաղաքական կուլտուրայում սովորույթ է դարձել: Հայկական եւ ադրբեջանական սպաների միջեւ անձնական հակասություններ եւ շփումներ ընդհանրապես չի եղել: Ինքը Սաֆարովն ասում է, որ հայ սպաների ողջույնին նա չի պատասխանել: Ավելին, նա խոստովանել է, որ այն բանից հետո, երբ իմացել է որ դասընթացներին մասնակցում են նաեւ ներկայացուցիչներ Հայաստանից` նրա մոտ արդեն բացասական տրամադրվածություն է առաջացել: Արդյունքում, պաշտպանությունը ստիպված է եղել փորձել շեշտը դնել այն բանի վրա, որ Սաֆարովը վատ է հասկանում ռուսերեն: Առաջինը` հարցաքննությունը վարվել է անգլերեն եւ ոչ թե ռուսերեն: Իսկ անգլերենին, ինչպես Սաֆարովը նշել է դասընթացներից առաջ, նա տիրապետել է կատարելապես եւ հարցաթերթիկի լրացման ժամանակ ռուսերենը նշել է որպես մայրենի լեզու: Եվ դա պարզ է թե ինչու, քանզի 1991 թվականին Ջաբրաիլից նա տեղափոխվել էր ռուսալեզու Բաքու քաղաք: