20 երկրների դիվանագետներ կմասնակցեն Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ): Արարողության ժամանակ, որը կընթանա «Միջազգային օգնություն, ապաստանի տրամադրում եւ ճանաչման տուրք» խորագրով, երախտագիտություն կհայտնվի Ցեղասպանությունը վերապրած հայերին ապաստան տրամադրած պետություններին, ինչպես նաեւ այն պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես նշել է Համահայկական բարեգործական միության Հարավային Կալիֆորնիայի մարզային կոմիտեի նախագահ Վահե Իմասդունյանը, Հայոց ցեղապսանության զոհերի հիշատակի միջազգային տուրքը կօգնի հող նախապատրաստել Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարելիցին հիշատակի օրը պաշտանապես նշելու համար: Նա նշել է այդ աննախադեպ միջոցառման լայն արձագանքը եւ հույս է հայտնել, որ այն միջազգային հանրության ուշադրությունը կբեւեռի այն վայրագություններին, որոնք կատարվել են հայերի հանդեպ 20 դարի սկզբում: Իր մասնակցությունը արարողությանը հաստատել են Բելգիայի, Կիպրոսի, Եթովպիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հորդանանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Սիրիայի, Ուրուգվայի դիվանագետները, ինչպես նաեւ Բելիզի, Չիլիի, Խորվաթիայի, Էստոնիայի, Ջամայկայի, Լիբերիայի, Լեհաստանի եւ Պորտուգալիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: