Սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Հունգարիայի դեսպանատան մոտ կանցկացնի բողոքի լայնամասշտաբ ակցիա հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու դեմ, հաղորդում է Nouvelles d'Arménie-ն:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է արել հունգարական իշխանություններին պահանջել Ադրբեջանից Սաֆարովին բանտ նստեցնել: «Սաֆարովին ներում շնորհելը միջազգային օրենսդրության խախտում է, կրկնահանցագործության կոչ և սպառնալիքի տակ է դնում հայ ժողովրդի կյանքի և ազատության իրավունքը»,- հայտարարել է խորհուրդը:
Ֆրանսիայի հայ համայնքն անընդունելի է համարում հայ սպային սպանած Սաֆարովին ներում շնորհելը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին և դա համարում պանթուրքական քաղաքականության շարունակություն:
Սեպտեմբերի 6-ին բողոքի ակցիայի ընթացքում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր են դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի կողմից ԵԽ արժեքների ոտնահարումը և պահանջել, որպեսզի Սաֆարովը շարունակի պատիժ կրել միջազգային հսկողության տակ: