AM
3 September 2012 - 10:43 AMT

Նորվեգիայի հայերը Հունգարիայից ներողություն են պահանջելու Սաֆարովի արտահանձնման համար

Նորվեգիայի հայերը մտադիր են սեպտեմբերի 3-ին բողոքի ակցիա կազմակերպել Օսլոյում Հունգարիայի դեսպանատան առջև: Մասնակիցները Հունգարիայից ներողություն են պահանջելու հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման համար, որը հաջորդ իսկ օրը ներում ստացավ Իլհամ Ալիևի հրամանագրով:

Նրանք նաև մտադիր են դեսպանատան ներկայացուցիչներին բողոքի նամակ հանձնել, որի պատճենը կհանձնվի նաև Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյերեին, ԵՄ պատվիրակության ղեկավար Յանոս Հերմանին և Նորվեգիայի նավթագազային Statoil ընկերության ղեկավար Հելգա Լունդին:

«Հայերը և բոլոր նրանք, ով հանդես է գալիս միջազգային արդարադատության և օրենքի գերակայության օգտին, վրդովված են Հունգարիայի այս քայլով և հետագա քայլեր են ակնկալում օրենքի այդ խախտումը դատապարտելու ու արդարությունը վերականգնելու ուղղությամբ: Սաֆարովի արտահանձնումը ոչ միայն օրենքի կոպիտ խախտում է, ոչ միայն կարող է նպաստել հակամարտությունների թեժացմանը Հարավային Կովկասում, այլ նաև ազդանշան է Ադրբեջանի համար, որ կարելի է շարունակել հայատյացություն սերմանել իր ժողովրդի մեջ: Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հունգարիայի և Ադրբեջանի նման գործողությունները վնասում են տարածաշրջանում լարվածության նվազեցման ջանքերին: Դրանք վտանգում են նաև ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը»,-ասվում է Նորվեգիայի Հայկական մշակութային ասոցիացիայի հայտարարության մեջ:

Հարկ է նշել, որ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը մտահոգություն է հայտնել իրադարձությունների նման զարգացմամբ:

«Հայի սպանությւան համար դատապարտված մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը չափազանց տարօրինակ է:

Օրենքի գերակայությունը պետք է հարգվի»,-գրել է նա Twitter-ում:

«Նորվեգիայի կառավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց»,-հայտարարել է Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, հույս հայտնելով, որ Նորվեգիայի հանրությունն ու իշխանությունները այնուամենայնիվ կարձագանքեն այդ անընդունելի գործողություններին, որոնք խարխլում են հարգանքն օրենքի հանդեպ, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը: