Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հումանիտար համագործակցության ամրապնդման հիմքն է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌՀՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ ԱՊՀ կառույցների բարենորոգման համատեքստում նախատեսվում է որակական նոր մակարդակի հասցնել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության աստիճանը: Եվ Ռուս-հայկական համալսարանն այդ առումով նման համագործակցության ամրապնդման հիմքերից մեկն է, ավելացրել է Ս.Լավրովը: ՌՀՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովին եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին հանձնվել են պատվո շքանշաններ:






