AM
4 Սեպտեմբեր 2012 - 06:34 AMT

Շախմատի Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա ոչ թե Ադրբեջանի, այլ Չինաստանի հետ

Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրը կայանալու է սեպտեմբերի 4-ին: 6-րդ տուրի բոլոր պարտիաների ավարտից հետո որոշվել են հաջորդ տուրի զույգերը:

Հայաստանի հավաքականը խաղալու է ոչ թե Ադրբեջանի հետ, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, այլ Չինաստանի հավաքականի: Ադրբեջանը հանդիպելու է Ռուսաստանի հետ:

Օլիմպիադայում աշխարհի գործող չեմպիոն հայ շախմատիստները վստահ են հանդես գալիս, նրանք 6 տուրերում հաղթանակ են տարել Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ, այնուհետև կիսել են միավորները Ռուսաստանի հետ:

Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը 11 միավորներով կիսում են 1-3-րդ տեղերը:

Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:

40-րդ Օլիմպիադան ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 155 թիմեր: Օլիմպիադան ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: