AM
21 February 2005 - 14:51 AMT

ՆԻԿՈԼԱՅ ԶԼՈԲԻՆ. «ԱՄՆ-ՈՒՄ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎՈՒՄ ԱՅՆ ԿԱՐԾԻՔԸ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿԻՐ ՉԷ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄՈՏԵՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»

Ռազմական առումով Վաշինգտոնն առայժմ հեռու է դեպի Կովկաս արշավի գաղափարից, գրում է Վաշինգտոնում գտնվող Ռուսաստանի պաշտպանական տեղեկատվության կենտրոնի ռուսական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինն իր «Վաշինգտոնի կովկասյան երկընտրանքը» հոդվածում: Նրա կարծիքով, առաջին հերթին, դեռեւս հույս կա, որ Մոսկվան կփորձի քաղաքական ճանապարհով լուծել այնտեղ առկա խնդիրները, եւ, որ գլխավորն է, կդադարի մենատիրոջ դեր խաղալ այնտեղ: «Բացի այդ, չարժե մոռանալ, որ ամերիկացիները միանգամայն պարզունակ պատկերացում ունեն Կովկասի մասին: ԱՄՆ-ում չեն հասկանում, թե արդյոք Կովկասը միասնական տարածաշրջան է: ԱՄՆ-ում, օրինակ, տիրում է այն կարծիքը, թե Հայաստանը, վերջին հաշվով, Անդրկովկասի երկիր չէ, եւ նրա նկատմամբ հարկավոր է հատուկ մոտեցում դրսեւորել: Այս ֆոնի վրա անհասկանալի է` արդյոք անհրաժեշտ է տարածաշրջանային քաղաքականություն, թե անհատական աշխատանք որոշակի երկրների հետ»,-գրում է Զլոբինը: Նրա խոսքերով, ամերիկացիների համար պարզ է, որ առկա պայմաններում դեպի Կովկաս գնալը նշանակում է իրավիճակի հնարավոր վատթարացում: ԱՄՆ-ը որոշակի դաս առավ Իրաքում. այնտեղ թույլ տրված սխալների մի մասը պայմանավորված էին այն բանով, որ ամերիկացիները չգիտեին, թե ինչպես պետք է աշխատել այդ երկրում: Կովկասում ԱՄՆ-ը կգերադասեր աշխատել Ռուսաստանի հետ միասին: Սակայն հնարավոր են նաեւ այլ սցենարներ: Իրավիճակի վատթարացման դեպքում ամերիկացիները կուժեղացնեն Մոսկվայի նկատմամբ ճնշումը` խաղաղարար ջանքերի միջազգայնացման նպատակով: Առաջին հերթին նկատի է առնվում ԱՊՀ-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների խաղաղապահների օգտագործումը վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների գոտիներում: «Չարժե բացառել նաեւ ԱՄՆ զինվորականների ներգրավումը: Այն անխուսափելի կդառնա, եթե Կովկասում լայնածավալ զինված հակամարտություն ծագի, եւ Ռուսաստանն ի զորու չլինի այն կասեցնել, կամ եթե ակնհայտ դառնա, որ տարածաշրջանը վերածվում է անվերահսկելի գոտու, որտեղից կարող են հարվածներ հասցվել արեւմտյան պետություններին եւ նրանց շահերին»,-նշվում է հոդվածում: