AM
21 February 2005 - 15:37 AMT

ԵՄ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է. «ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆՔ ԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ»

Եվրամիությունը շահագրգռված է ետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորմամբ, հայտարարել է Ռուսաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության նոր ղեկավար դեսպան Մարկ Ֆրանկոն, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Դեսպանի խոսքերով, Ռուսաստանն ասել է, թե ինքն առանձնահատուկ երկիր է` շահագրգռված ռազմավարական գործընկերությամբ: Եվրամիությունը համաձայնել է այդ դիրքորոշմանը: «Միեւնույն ժամանակ, խոսելով մեր հարեւանության ընդհանուր տարածքի մասին` մենք, նախ եւ առաջ, նկատի ունենք հակամարտությունների կարգավորումը ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար հարեւան տարածքներում: Խոսքը վերաբերում է այնպիսի չլուծված հակամարտություններին, ինչպիսիք են Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները», – նշել է նա: ԵՄ-ի դիրքորոշումը հետեւյալն է. «մենք բոլորս շահագրգռված ենք այդ հակամարտությունների լուծմամբ` մեր սահմաններում կայունության ապահաովման համար»: Իսկ Ռուսաստանն այն կարծիքին է, որ դա հիմնականում վերաբերում է Ռուսաստանի գործերին, թե այդ հակամարտությունների կարգավորմանն արդեն վաղուց մասնակցում են որոշակի միջազգային կազմակերպություններ եւ կառույցներ, եւ, հետեւաբար, նա կարծում է, թե ԵՄ մասնակցությունը կբարդացնի այդ ողջ գործընթացը: Եվրամիությունը դրան պատասխանում է, որ «մեկը մյուսին չի բացառում», – ավելացրել է Մարկո Ֆրանկոն: