Նախկին Խորհրդային Միության քարտեզը պետք է անհանգիստ պատկեր ներկայացնի ՊԱԿ-ի նախկին սպա Վլադիմիր Պուտինի համար` նախագահ Բուշի հետ վեհաժողովի նախապատրաստման ժամանակաշրջանում: Այս մասին ասվում է բրիտանական The Times թերթում հրապարակված Ջերեմի Փեյջի հոդվածում: «Այն ժամանակից ի վեր, երբ Պուտինը 2000 թվականին դարձավ Ռուսաստանի նախագահ, ԱՄՆ անընդհատ ոտնձգություն է անում Արեւելյան Եվրոպայում, Կովկասում եւ Միջին Ասիայում մոսկովյան ազդեցության ոլորտում: Սկզբում Աֆղանստանի հակամարտությունը Ուզբեկստան եւ Կիրգիզիա բերեց ամերիկյան զորքերը: Այնուհետեւ 2003 թվականի «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում իշխանության բերեց արեւմտամետ լիբերալին: Իսկ մի քանի ամիս անց ԱՄՆ սկսեց ուսուցանել Վրաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին»,- ասվում է հոդվածում: «Սակայն վատթարացումը ռուսաստանյան ռազմավարական օրբիտայում սրանով չի սահմանափակվում, զգուշացնում են վերլուծաբանները: Նրանք նմանատիպ հեղափոխություններ են կանխատեսում Ղրղզըստանում, Մոլդովայում, Հայաստանում, եւ հնարավոր է, Ղազախստանում, որոնք կփշրեն Պուտինի ակնկալություններն իր նախկին իմպերիայում ազդեցության ոլորտի վերականգնման ուղղությամբ»,- ասվում է տեքստում: «Ռուսաստանյան ԶԼՄ-ներն արդեն մտածել են անվանումներ ապագա հեղափոխությունների համար. «խաղողագույն»` Մոլդովայում, «դեղձագույն»` Հայաստանում, «բադրիջանագույն»` Ադրբեջանում», «սաթե»` Ռուսաստանի փոքրիկ կալինինգրադյան անկլավում: Միակ վայրը, որտեղ, վերլուծաբանների կարծիքով հեղափոխություն չի լինի` դա Ռուսաստանն է, որտեղ Պուտինը վերջերս վերացրել է տարածաշրջանային նահանգապետերի ուղիղ ընտրությունները»,- ավելացնում է հոդվածի հեղինակը: