«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ-ն (EuFoA) ողջունում է եվրոպական կառույցների կողմից Ադրբեջանում հակահայկական այլատյացության դրսևորման քննադատությունը:
Կազմակերպությունը կոչ է արել ԵՄ-ին վերջապես ճանաչել, որ Ադրբեջանը պահանջում է առավել քննդատական մոտեցում, քան մյուս երկրները: «Մենք տեղեկություններ ունենք, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները մտադիր են քննարկել Սաֆարովի ներումը, իսկ Եվրախորհրդարանը կքննարկի համապատասխան բանաձևի ընդունման հնարավորությունը»,-ասվում է EuFoA հայտարարության մեջ:
«Ինչո՞ւ է ԵՄ-ն համատեղ ծրագրեր ֆինանսավորում նավթով հարուստ և ոչ ժողովրդավարական Ադրբեջանի հետ՝ միաժամանակ պատժամիջոցներ կիրառելով Բելառուսի դեմ: Դա հնարավոր չէ բացատրել եվրոպացի ընտրողներին: Իսկ Հայաստանին մենք կարող ենք զգուշացնել, որ նա խուսափի Ադրբեջանի լարած թակարդից: Ես կիսում եմ Ադրբեջանի հանդեպ խիստ միջոցներ կիրառելու պահանջը, սակայն Հայաստանը պետք է վարվի խելացի շախմատիստի պես՝ առաջնորդվելով հեռահար նպատակներով»,-հայտարարել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկը:
Կազմակերպությունը նաև հորդորել է Հայաստանին որոշակի քայլեր ձեռնարկել Հունգարիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: «Թեև Սաֆարովին արտահանձնելու որոշումը շատ միամիտ էր, Հայաստանն ու Հունգարիան բազմադարյա կապեր ունեն և Ադրբեջանի կեղտոտ խաղը չպետք է փչացնի դրանք:
Հունգարիան կամուրջ է Արևմուտքի և Արևելյան Եվրոպայի միջև և Հայաստանի կարիքն ունի դա ամրապնդելու համար: Պետք է որոշակի աշխատանք տանել դժվարությունները հաղթահարելու համար»,-ասվում է EuFoA հայտարարության մեջ: