Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ճանաչել ԼՂՀ անկախությունը, հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը Երեւանում, տեղեկացնում է Regnum լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով` տվյալ կոչն ուղղված է եւ մյուս երկրների խորհրդարաններին: Ա.Մելիքյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցությունները կարող են դառնալ հիմնախնդրի հանգուցալուծման բանալին եւ որ միայն Լեռնային Ղարաբաղը կարող է պատասխանատվություն ստանձնել ինչպես տարածքների, այնպես էլ փախստականների համար: Պատասխանելով այն հարցին, թե հանդիսանո՞ւմ է դա բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալուն ուղղված կոչ` Մելիքյանը պատասխանել է, որ «դա Լեռնային Ղարաբաղի մոտեցումն է»: Նրա խոսքերով` ներկայումս Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների արդյունքը ոչ մի ճշգրիտ պատկերացում չի տալիս իրադարձությունների հետագա զարգացման մասին: Լեռնային Ղարաբաղը չի գտնվում բանակցությունների շրջանակներից դուրս, քանզի նա իրազեկ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ողջ բանակցային գործընթացից, հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: Խոսելով Ստեփանակերտի կողմից որոշ զիջումների հնարավորության մասին` Ա.Մելիքյանը նշել է, որ «դրանք կարող է լինեն միայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական բանակցությունների ընթացքում, իսկ «քանի որ ներկայումս մենք չենք վարում ուղիղ բանակցություններ, ապա խոսել զիջումների մասին առայժմ շուտ է»: