AM
23 February 2005 - 13:05 AMT

ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍԻ ԲՈՂՈՔԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ` ԲԱՔՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ

Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը կսկսի բողոքի զանգվածային ակցիաների անցկացումը Բաքու հայկական պատվիրակության ժամանման դեմ: «Մինչեւ Հայաստանի զորամիավորումները դուրս չբերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, ցանկացած մակարդակի հայ պետական պաշտոնյաների մուտքը Բաքու կկասեցվի: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի կառավարությունը թույլ չտա Հայաստանի պատվիրակությանը մասնակցել TRACECA-ի տարեկան կոնֆերանսին: Հակառակ դեպքում, Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) կդիմի բոլոր միջոցներին թույլ չտալու համար այդ միջոցառումը»,-հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին: Նրա խոսքերով, Ադրբեջանի համար TRACECA-ի նախագիծը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից ավելի կարեւոր չէ: «Ադրբեջանի կառավարությունը արդեն այժմ պետք է ճիշտ որոշում ընդունի: Եթե Ադրբեջանի հասարակությունը կարողացավ հասնել նրան, որ հայերը չմասնակցեն ՆԱՏՕ-ի միջոցառումներին, ապա կհասնի նաեւ սրան»,-ասել է Ա.Նաղին: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանի կառավարությունը մոտ ժամանակներս քայլեր չձեռնարկի հայերի ժամանումը Բաքու կանխելու համար, ապա Նախարարների կաբինետի շենքի առջեւ կանցկացվեն անընդմեջ բողոքի ցույցեր: Հիշեցնենք, որ ապրիլի 21-22 Բաքվում կայանալիք TRACECA-ի Միջկառավարական հանձնաժողովի IV կոնֆերանսին մասնակցելու նպատակով, այնտեղ կմեկնի Հայաստանի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Անդրանիկ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը: