AM
23 February 2005 - 16:43 AMT

ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ-ԿԱՅՔ

Հայոց ցեղասպանության խնդիրներով շուրջ 50 մասնագետ կներառվեն Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված տարբեր ծրագրերում, տեղեկացնում է «Արմենպրեսս» գործակալությունը: Խմբի ղեկավար Երեւանի պետհամալսարանի պրոռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքերով` կկազմակերպվեն Հայոց ցեղասպանությունը վկայող ֆոտոփաստաթղթերի ցուցահանդեսներ, կթողարկվեն աուդիո- եւ տեսահոլովակներ, որտեղ ձայնագրված են այդ հանցագործության ականատեսների հիշողությունները եւ նյութեր` Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի արխիվներից: Աշխատանքային խմբի նախաձեռնությամբ նախատեսվում է նաեւ ինտերնետ-կայքի ստեղծում` նվիրված Հայոց ցեղասպանությանը, որն անընդհատ կլրացվի համապատասխան վավերագրական նյութերով: Իսկ ապրիլի կեսերին Արցախի պետական համալսարանում կկայանա գիտաժողով` ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ: