ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է հայ ժողովրդին, շախմատի Օլիմպիադայում գրանցած հաղթանակի կապակցությամբ:
«Սա փառահեղ հաղթանակ էր: Շատ ուրախ եմ, որ վերջին տուրում հաղթեցինք հենց Հունգարիային, և Ստամբուլում ծածանվեց Հայոց եռագույնը: Հայաստանը պատմության մեջ առաջին թիմն է, որը գրեթե նույն կազմով երեք անգամ հռչակվում է Օլիմպիադայի չեմպիոն, այդ ընթացքում նա դարձել է նաև աշխարհի չեմպիոն»,- ասել է Շարմազանովը:
Ըստ նրա, ցանկացած հաղթանակ` մարզական, կրթական թե մշակութային, հայ հասարակությանը դրական էմոցիա և լիցք է տալիս. «Այսօր մենք բոլորս պետք է շատ մեծ խանդավառությամբ դիմավորենք մեր տղաներին»:
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում հռչակվեց Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն: Հայկական թիմի կազմում` Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ, ելույթ են ունեցել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը:






