AM
5 March 2005 - 13:07 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ «ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՓԱՍՏԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ»

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հավաստիացնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստերի ուսումնասիրման առաքելության զեկույցը հաստատել է «Լաչինում, Քելբաջարում, Զանգելանում, Ղուբաթլույում եւ Ջաբրաիլում անօրինական բնակեցման փաստերը»: «Չնայած առաքելությունը մյուս շրջաններում չի հանդիպել բնակչության հետ, ներկայացուցիչները տեսել են այնտեղ վերանորոգված տներ եւ բաժանված հողատարածություններ»,- նշել է նա: Ա. Ազիմովն ասել է, որ կարելի է ենթադրել, որ «մինչեւ առաքելության ժամանումը տարածք, հայերը որոշ քայեր են ձեռնարկել , բնակչությանը տվել են համապատասխան հրահանգներ»: Պատասխանելով այն հարցին, թե Լաչինի շրջանի տարածքը կտրվի՞ Հայաստանին որպես միջանցք, Ա.Ազիմովը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առաջարկում է, որ այդ ճանապարհից օգտվի ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը` խաղաղ համաձայնագրի ձեռքբերումից հետո: «Մենք առաջարկում ենք, որ այդ ճանապարհն օգտագործվի ինչպես Լեռնային Ղարաբաղ-Հայաստան եւ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ հաղորդակցությունների համար, այնպես էլ բեռնատեղափոխությունների համար: Իսկ Ադրբեջանն այդ ճանապարհը կօգտագործի Նախիջեւանի հետ հաղորդակցության համար»,- հայտարարել է նա: Հայաստանի եւ Ադրբեջանի ՌՈՒ շփման գծի վրա խաղաղապահ ուժերի տեղակայման առնչությամբ Ա.Ազիմովն ասել է, որ դա ոչ մի օգուտ չի բերի. «Ադրբեջանը ցանկանում է չսառեցնել հակամարտությունն, այլ կարգավորել այն: Միայն խաղաղ համաձայնագրի ստորագրումից, իրենց նախկին բնակավայրեր բնակչության վերադարձից հետո այդ ուժերը կարող են տեղակայվել»: Ա.Ազիմովն ասել է, որ հավանականություն կա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի ձախողված հանդիպումը կկայանա մյուս ամսին: