AM
5 March 2005 - 13:41 AMT

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մոտակա ժամանակներս Եվրահանձնաժողովն իր ներկայացուցիչը կունենա Հայաստանում: Այս մասին տեղեկացրել է Վրաստանում եւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության առաջին խորհրդատու, դեսպան Ժակ Վանտոմը: Նրա խոսքերով` ԵՀ ներկայացուցիչ կնշանակվի նաեւ Ադրբեջանում: «Այդ հարավկովկասյան հանրապետություններում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ենթարկվելու են տարածաշրջանային գրասեյակի ղեկավարին, որը գտնվելու է Թբիլիսիում»,- ասել է Վանտոմը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը մշակել է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործողությունների ծրագիր: «Խոսքը, մասնավորապես, գնում է հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, իրավունքի եւ մարդու հիմնարար ազատություններին, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ձեռքբերումների ամրապնդմանն աջակցելու մասին»,- նշել է նա: