AM
9 March 2005 - 05:10 AMT

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱԶՄԱՆԻՍՏ ԿԱՊԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՍԵՐՏՈՐԵՆ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԵՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻ ՀԵՏ

Աշխարհագրության եւ պատմության, ժողովուրդների միջեւ բազմանիստ կապերի, փոխներթափանցման շնորհիվ Ռուսաստանի շահերը սերտորեն միահյուսվել են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի շահերի հետ, թեեւ յուրաքանչյուր երկրի հետ` յուրովի: Այս մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` Մոսկվայի համար ամենակարեւորը տարածաշրջանում անվտանգության հուսալի ապահովումն է: Այդ պատճառով Ռուսաստանը օբվյեկտիվորեն «դատապարտված էր» պայքարել Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու, իսկ ներկայումս` վիճելի հիմնախնդիրները խաղաղ հանգուցալուծելու համար: Բուն Լեռնային Ղարաբաղի բնակչությունից, ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներից բացի, այս մոլորակի վրա ոչ ոք այնքան շահագրգռված չէ դրանում, որքան Ռուսաստանը: Մեկնաբանելով այն կարծիքը, որ Ռուսաստանը կորցնում է վերահսկողությունը Կովկասում` Վ.Կազիմիրովը հայտարարել է, թե չի կարծում, որ Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում կամ Հարավային Կովկասում կարելի է վերահսկողություն անվանել: Անկախ պետությունների ի հայտ գալով` վերահսկողությունն անցել է նրանց, եւ կարեւոր է, որ նրանք չկորցնեն այն: Մարդկային հասարակության զարգացման արագացմանը զուգընթաց տեղի է ունենում գլոբալացման գործընթացներում բոլոր երկրների բնական ներգրավում, նաեւ դրա վրա մակաբուծող անդրազգային հրեշների շոշափուկների տարածում: Դժվար թե ինչ-որ տարածաշրջաններ կամ երկրներ կարող են անհաղորդակից մնալ ընդհանուր գործընթացներին` ինչպես դրական, այնպես էլ` ոչ այնքան, նշել է նա: «Իսկ Ռուսաստանի ազդեցությունը կապահովվի աշխարհագրությամբ եւ պատմությամբ, մշակութային եւ մարդկային ճակատագրերի կապերով: Մի՞թե Ադրբեջանի եւ Հայաստանի անկախացումից հետո պակասել է դեպի Ռուսաստան ձգտող նրանց բնակիչների թիվը»,- ավելացրել է Վլադիմիր Կազիմիրովը: