«Գտնում եմ, որ իզուր ոչ միայն Ադրբեջանը, այլեւ հայերն էլ չեն կարողանում Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես վիճելի հիմնահարց, ընդ որում` հիմնական: Որքան էլ տարօրինակ է, դա շատ բան կտար: Դա կլիներ այդ վեճի խաղաղ, քաղաքակիրթ քննարկմանն ու լուծմանն ուղղված առաջին իրական քայլը»,- «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` դրանից հետո արդեն անկարելի կլիներ «աքլորանալ», որ վեճը պետք է լուծել «ամեն գնով»: Ամբողջ աշխարհին հայտնի է, որ հենց դրանում է վեճի էությունը, սակայն կողմերը միամտորեն կարծում են, որ եթե համառորեն պնդեն «Ղարաբաղը իմն է», բոլորը հենց այդպես էլ դա կընդունեն: «Ահա ոչ ճկուն պահվածքի պարզ օրինակ, որը 10 տարուց ավելի է անշարժության է հանգեցրել: Ինչու՞ ենք զարմանում դրա վրա: Պետք զարմանալ սեփական ռեկորդային համառության վրա»,- նշել է դիվանագետը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ են դիմել Ադրբեջանն ու Հայաստանը Միջազգային դատարան` հիմնախնդիրը քննարկելու եւ լուծելու խնդրանքով` Վ.Կազիմիրովը նշել է, որ դա պահանջում է երկու պետությունների համաձայնություն, թեեւ նրանից յուրաքանչյուրն այդ հարցում իր երկյուղներն ունի, այսինքն` «ինչպես ինձ թվում է, գիտակցում է, որ որոշ իրավական թերացումներ կան իր դիրքորոշման մեջ»: «Սակայն այս հարցը դարձյալ ոչ թե ինձ, այլ Երեւանին եւ Բաքվին պետք է ուղղել: Ընդ որում` չեմ կարծում, որ բանակցային գործընթացի հնարավորությունները սպառվել են: Ավելին, այդ գործընթացը բավականաչափ չի էլ վերսկսվել. չափազանց երկար է ձգվում նախնական կոնսուլտացիաների փուլը»,- ավելացրել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից հնարավոր փոխզիջումներին, Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ հնարավոր փոխզիջումների ընդգրկույթը բավական մեծ է: Նման պաշար ունեն բոլոր կողմերը, թեեւ դրանցից յուրաքանչյուրը հավատացնում է, որ ավելիին գնալու հնարավորություն արդեն չունի: Սակայն դա տեղի է ունենում ավելորդ մաքսիմալիզմի եւ ճկունության պակասի պատճառով: Օրինակ` Ադրբեջանը ոչ մի զիջում չի կատարել ո՛չ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով (բացի լայն ինքնավարություն տալու խոստումներից), ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողով հրավիրելու մասով, ո՛չ էլ տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի, Ստեփանակերտի հետ ուղղակի հարաբերություններ հաստատելու մասով: «Հայերը նույնպես գրաված տարածքներից ոչինչ չեն վերադարձրել, ոչ մի փոխառության տարբերակ չեն առաջարկել, բացի «տարածքները կարգավիճակի դիմաց» առաջարկից: Ընդ որում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը պահանջում էին իմ թվարկածների մեծ մասը»,- ավելացրել է ռուս դիվանագետը: