AM
15 March 2005 - 03:30 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ՀՈՒՍԱԴՐՈՂ ԱՃ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

2004 թվականի ցուցանիշների համաձայն` Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունում նկատվում է հուսադրող աճ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Նրա խոսքերով` դա երեւում է , նախ եւ առաջ, Գերմանիա հայկական արտահանման ծավալների կրկնապատկումով: Դեսպանը նաեւ նշել է Հայաստանի տնտեսությունում գերմանական ներդրումների խոստումնալից բնույթի մասին: «Ներկայումս մի շարք գերմանական ձեռնարկություններ ծանոթանում են Հայաստանում ավելի լայն գործունեություն ծավալելու հնարավորություններին: Միեւնույն ժամանակ, դրական ներդրումային կլիմայի համար նախադրյալների ստեղծումը թափանցիկ եւ բարենպաստ, ինչպես կարծում է ներդրողը, իրավական դրույթների միջոցով, վերջիվերջո Հայաստանի կառավարության առանձնաշնորհն է»,- ընդգծել է նա: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2004 թվականին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 157 մլն դոլար, ինչը գերազանցել է 2003 թվականի ցուցանիշը 78 %-ով: Գերմանիայի հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր արտաքին առեւտրի շրջանառությունում կազմել է 7,6%: Գերմանիայի հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունում հայկական արտահանման բաժինը կազմել է 83 մլն դոլար, իսկ ներմուծումը` 74 մլն դոլար: 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի պետ ռեգիստրում գերմանական կապիտալի մասնակցությամբ գրանցվել է 49 համատեղ ձեռնարկություն եւ 17 կազմակերպությունը: Գերմանիայի ներմուծման գծով 160 առեւտրային գործընկերների ցուցակում` Հայաստանը գրավում է 137-րդ տեղը, Ռուսաստանը` 13, Ադրբեջանը` 76, Վրաստանը` 129, արտահանման գծով ցուցակում Հայաստանը գրավում է 127-րդ տեղը, Ռուսաստանը` 17, Ադրբեջանը` 108 եւ Վրաստանը` 111: