«Ուկրաինայի Հայերի միության գլխավոր խնդիրներից մեկը առողջ, ֆիզիկապես և մտավոր զարգացած երիտասարդ սերունդ դաստիարակելն է: Հենց այդ պատճառով մենք մեր պարտքն ենք համարում ոչ միայն խոսել երիտասարդության հետ սպորտով զբաղվելու անհրաժեշտության մասին, այլ նաև օրինակ ցույց տալ»,- ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
Սեպտեմբերի 29-30-ը Կիևի Սպորտի պալատում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության գավաթի համար ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մրցաշարին մասնակցելու համար հրավիրվել են մարզիկներ 33 երկրներից, հաղորդում է analitika.at.ua-ն:
Շատվորյանի խոսքով, ըմբշամարտն ուժեղ և իրենց ուժերին վստահ մարդկանց մարզաձև է. «Այն աշխարհին տվել է լեգենդար մարզիկներ: Կցանկանայի, որպեսզի երիտասարդությունը կողմնորոշվեր հենց նման անհատների վրա: Պետք է հասնել դրված նպատակների իրագործմանը, բնավորությունը պետք է դաստիարակել: Եվ ես կարծում եմ, որ հենց սպորտն է օգնում այս հարցում»:
Նա նշել է, որ Ուկրաինայի Հայերի միության աշխատանքում բավական մեծ ուշադրություն է հատկացվում սպորտի հարցերին: ՈՒՀՄ կազմում գործում է մարզական հանձնաժողով, անցկացվում են տարբեր մարզական միջոցառումներ: Ուկրաինայի հայերի միության գավաթի համար ըմբշամարտի միջազգային մրցաշարը նման մակարդակի առաջին նման մեծ միջոցառումն է:






