AM
25 Սեպտեմբեր 2012 - 11:17 AMT

ՈւՀՄ մարզադպրոցի հունահռոմեական ոճի ըմբիշները մրցանակային տեղեր են գրավել համաուկրաինական մրցաշարում

Կիևի շրջանում տեղի է ունեցել ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Նիպորկիի անվան պատանիների շարքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի համաուկրաինական մրցաշարը:

Ուկրաինայի Հայերի միության մարզադպրոցի սաները ցույց են տվել բարձր արդյունքներ. Վասիլի Գուձը (54 կգ) զբաղեցրել է 1-ին տեղը, Արևշատ Սիանոսյանը (58 կգ) և Արտյոմ Նեմոլատը (76 կգ) իրենց քաշային կարգերում զբաղեցրել են երրորդ տեղը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

ՈւՀՄ մարզադպրոցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի պարապմունքներն անցկացնում է միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Մանվել Սահրադյանը: Սեպտեմբերի 29-30-ը Կիևի Սպորտի պալատում տեղի կունենա Ուկրաինայի հայերի միության գավաթի համար ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մրցաշարին մասնակցելու համար հրավիրվել են մարզիկներ 33 երկրներից: