AM
17 March 2005 - 04:39 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ՀԱՅԵՐԻՑ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

«Մազլում-Դեր» թուրքական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Այխան Բիլգենը եւ Մարդու իրավունքների կազմակերպության նախագահ Յուսուֆ Ալթաշը հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկման ընթացքում հայ ժողովրդի հասցեին ուղղված մեղադրանքներ չպետք է հնչեն, որպեսզի չվիրավորեն ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներին, տեղեկացնում է «Երկիր» շաբաթաթերթը: «Ինչպես ներկայիս Թուրքիայի ղեկավարությունը պատասխանատու չէ անցյալի համար, այնպես էլ Թուրքիայում բնակվող ներկայիս հայերը պատասխանատու չեն անցյալում դաշնակների գործունեության համար»,- հայտարարել է Բիլգենը: Թուրքերը պետք է ճանաչեն Օսմանյան իմպերիայից հայերի տեղահանումը, նկատել է իրավապաշտպանը, ավելացնելով, որ դա արվել է «հայերի կողմից կազմակերպված հեղաշրջումը կանխելու» նպատակով: «Նրանք եղել են Օսմանյան Թուրքիայի քաղաքացիներ, այդ պատճառով տեղահանման ընթացքում հայերի մահվան պատասխանատվությունն ընկնում է օսմանյան պետության վրա: Բայց եւ այնպես թուրքերը պետք է ներողություն խնդրեն տեղահանման ժամանակ զոհված հայերի համար»,- ընդգծել է Այխան Բիլգենը: Իր գործընկերոջը համակարծիք Յուսուֆ Ալթաշն անդրադառնալով թուրք գրող Օրխան Պամուկի պնդումներին, որ օսմանյան ժամանակաշրջանում ոչնչացվել է 1,5 միլիոն հայ` ասել է. «Թուրքիայում պաշտոնական պրոպագանդայի հետ չհամընկնող հայտարարությունների համար ենթարկվում են լինչի դատաստանին: Նման պայմաններում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ոչ մի օբյեկտիվ արդյունք չի տա»: