AM
27 Սեպտեմբեր 2012 - 10:32 AMT

Ռուսաստանի գավաթի «Տորպեդո»-«Դինամո» խաղը չի ավարտվել տրիբունաներում անկարգությունների պատճառով

Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի 1/16 եզրափակչի «Տորպեդո»«Դինամո» խաղը չի ավարտվել տրիբունաներում անկարգությունների պատճառով: «Դինամոյի» դարպասը պաշտպանել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Խաղի գլխավոր մրցավար Տիմուր Արսլանբեկովը դադարեցրել է խաղը «Տորպեդոյի» երկրպագուների պահվածքից հետո:

Հանդիպման 51-րդ րոպեին «Տորպեդոն», որը զիջել է 0:2 հաշվով, կրճատել է հաշվի տարբերությունը թիմի ավագ Դենիս Բոյարինցևի շնորհիվ: Թիմի երկրպագուները նշել են դա ճայթուկների շարքով, որոնք բաց են թողնվել դաշտ, և Արսլանբեկովն անմիջապես դադարեցրել է խաղը: Ֆուտբոլիստները և մրցավարները լքել են դաշտը, հաղորդում է rsport.ru-ն:

Առաջին խաղակեսում խաղն արդեն ընդհատվել էր «Տորպեդոյի» երկրպագուների խուլիգանական գործողությունների պատճառով: 24-րդ րոպեին «Տորպեդոյի» հատվածից բաց է թողնվել ճայթուկ: Հանդիպման մրցավարը մեկ րոպեով կանգնեցրել է խաղը: Երբ խաղը վերսկսվել է, այդ հատվածի երկրպագուները կրկին ծխագլան են նետել, որը չի հասել դաշտ և ընկել է նկարահանող խմբի մոտ: