AM
27 Սեպտեմբեր 2012 - 09:45 AMT

Արշակ Պետրոսյան. Թիմային մրցումներում հայ շախմատիստներն անհավանական ինքնանվիրում են ցուցաբերում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, 2011-ին աշխարհի լավագույն մարզիչ Արշակ Պետրոսյանը whychess-ի հարցին, թե ինչու է ամեն անգամ հաղթում Հայաստանը, պատասխանել է. «Առաջին հերթին, մենք շատ համերաշխ թիմ ունենք: Երբ ասում են «մեկը բոլորի համար և բոլորը` մեկի», դա մեզ է վերաբերվում: Հերթական տուրին պատրաստվելիս դրսևորվում է թիմի իսկական առաջնորդ Լևոն Արնոյանի դերը, ով պատրաստ է կիսվել իր ընդարձակ գիտելիքներով բոլոր խաղացողների հետ: Չեմ կարծում, որ դա հնարավոր է մյուս բոլոր թիմերում: Երկրորդ, սիստեմատիկ կերպով հաղթող թիմի մոտ հայտնվում է հաղթողի ոգի: Ահա Ստամբուլում մենք պարտվեցինք Չինաստանին: Թվում էր, արդեն շանսեր չկան, եթե Ռուսաստանի հավաքականը հաղթի մնացած խաղերում: Բայց այդ պարտությունից հետո մեր թիմում տարաձայնություններ չեղան և մենք մի քանի ներածական խոսքից հետո բաժանվեցինք խմբերի և ձեռնամուխ եղանք հաջորդ հանդիպմանը պատրաստվելուն: Սկսեցինք քննարկել, թե ով ինչով կարող է օգնել` լիովին աշխատանքային իրադրություն:

Միգուցե հենց դրանք են հաջողության հիմնական բաղադրիչները»:

Պետրոսյանն առանձին-առանձին բնութագրել է խաղացողներին, ովքեր Ստամբուլում նվաճել են համաշխարհային Օլիմպիադայի ոսկե մեդալները, նշելով, որ Լևոն Արոնյանը թիմի իսկական առաջատար է:

«Շատ բան արժի ցանկացած պահի յուրաքանչյուրին օգնություն ցուցաբերելու նրա պատրաստակամությունը, միաժամանակ նա ինքը փայլուն է ելույթ ունեցել: Սերգեյ Մովսիսյանը մեր թիմում միակ մարդն է, ով սահմանափակվել է 50 տոկոս միավորներով:

Նրա ներկայությամբ թիմն ավելի կոմպակտ է դարձել: Մենք ունենք 4 հզոր խաղատախտակներ, ինչն ապացուցվել է Նինգբոյում կայացած աշխարհի առաջնությունում»,- ասել է մարզիչը:

Պետրոսյանը հավելել է, որ Վլադիմիր Հակոբյանը հիանալի խաղ է ցուցադրել, հաղթանակ տանելով 5 պարտիաներում ու ևս հինգում խաղալով ոչ ոքի: «Վլադիմիրը միշտ բացառապես կայուն է հանդես գալիս: Իսկ Գաբրիել Սարգսյանը թիմի հոգին է, որովհետև հիանալի տղա է և օլիմպիադաներում խաղում է բոլոր պարտիաներում: Ես շատ եմ վստահում նրան, իմանալով, որ յուրաքանչյուր պարտիայում նա գործադրում է բոլոր ջանքերը: Տիգրան Պետրոսյանը նույնպես հաջող է հանդես եկել` առաջին երեք տուրերում հավաքելով 2,5 միավոր»:

Մասնագետի խոսքով, հայ շախմատիստները թիմային մրցումներում անհավանական ինքնանվիրում են հանդես բերում, նրանց ուսերին ընկած է հսկայական պատասխանատվություն, որը նրանք մեծ պատվով են կրում:

«Ես երբեմն ապշում եմ: Եվ հետո թիմը, հաղթելով, ապագայի համար մեծ խթան է ստանում»,- եզրափակել է աշխարհի լավագույն մարզիչը: