ԱՄՆ ուղեւորության ժամանակ Թուրքիայի խորհրդարանի ժողովրդավարության կոմիտեի անդամները հանդիպել են ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վոլֆովիտցի հետ: Բանակցությունների ժամանակ Փ. Վոլֆովիտցը թվարկել է այն ոլորտները, որտեղ Բուշի վարչակազմը ցանկացել է տեսնել Թուրքիայի կառավարության աջակցությունը: Մասնավորապես, նա շոշափել է նաեւ ցեղասպանության թեման: Փ. Վոլֆովիտցի խոսքերով` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայերի ցանկությանը ԱՄՆ-ի բացասական պատասխանի դիմաց Անկարան պետք է աջակցի Սպիտակ տանը որոշ արտաքին քաղաքական խնդիրներում: Վոլֆովիտցը թվարկել է թուրք պատգամավորներին, թե հատկապես որ հարցերում է ԱՄՆ ակնկալում Թուրքիայի աջակցությունը: Մասնավորապես, Վաշինգթոնն ակնկալում է, որ Իրանի եւ Սիրիայի նկատմամբ Անկարան հանդես կգա ԱՄՆ հետ միասնական դիրքերից: Բուշի վարչակազմն Անկարայից կտրուկ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի եւ հրեաների հետ կապի մեղադրանքների, ինչպես նաեւ` քարոզչական դպրոցի բացման առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, դրական պատասխանի դեպքում, ցեղասպանության թեմայով Թուրքիայի ցանկության դիմաց Վաշինգթոնն ակնկալում է Անկարայից Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման եւ այդ երկրի հետ սահմանի բացմանն ուղղված կոնկրետ քայլեր: Տվյալ ուղղությամբ ակտիվ գործողություններ է ձեռնարկել նաեւ ԱՄՆ թուրքական լոբբին: Թուրք-ամերիկյան ընկերությունների ֆեդերացիայի նախագահ Աթա Էրիմը հայտարարել է, որ ԱՄՆ թուրքերը որոշել են ոտքի կանգնել` պայքարելու ցեղասպանության ճանաչման դեմ: Նրա խոսքերով` թուրքերն աստիճանաբար սկսում են զգալի դեր խաղալ ԱՄՆ քաղաքական կյանքում: Ա. Էրիմը նշել է, որ մինչ այդ հայկական լոբբին ջանք չէր խնայում, որպեսզի հասնի ցեղասպանության ճանաչմանը պաշտոնական մակարդակով, սակայն` անարդյունք: Ինչպես տեղեկացրել է Ֆեդերացիայի նախագահը, ակնկալվում է, որ հայկական լոբբին Կոնգրես կներկայացնի ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, սակայն թուրքական լոբբին կանի հնարավոր ամեն բան, որպեսզի օրինագիծը չընդունվի: