AM
21 March 2005 - 04:13 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել սադրանքները: «Մենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման կողմնակիցներ ենք եւ կոչ ենք անում Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը լինել առավել կոռեկտ, միջոցներ ձեռնարկել առաջնային գծում լարվածությունը մեղմելու համար: Բոլոր այդ սադրանքները պետք չեն ոչ մեր, ոչ էլ ադրբեջանական ժողովրդին»: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմը լարվածություն է ստեղծում շփման գծում` փորձելով առաջ տանել իր դիրքերը: Ընդ որում նա հաղորդել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ առաջնային գծի պաշտպանությունն ապահովելու համար: «Մեր բանակի կազմավորումների եւ մասերի պաշպանողունակությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, մենք պատրաստ ենք կատարել մեր երկրի եւ մեր ժողովրդի պաշտպանվածության ապահովման մեր առջեւ դրված խնդիրը»,-ասել է Սեյրան Օհանյանը: ԼՂՀ պաշտպանական գերատեսչության խոսքերով, սկսած 1994 թվականից ադրբեջանական կողմը իր հակահայկական հայտարարություններով փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը: