AM
23 March 2005 - 02:42 AMT

ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԿԱԶԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՎ

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Նովոռոսիյսկ քաղաքի բնակչից ստացված տեղեկատվության համաձայն, շուրջ 200 կազակներ ջարդեր են կազմակերպել քաղաքաի շրջաններից մեկում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հարձակումների են ենթարկվում հայազգի անձինք, ինչպես նաեւ նրանց պատկանող ավտոմեքենաները, սրճարանները, խանութները: Մասշտաբների մասին դժվար է դատել, քանի որ պաշտոնական աղբյուրներից դեռեւս չի հաջողվել տեղեկատվություն ստանալ: Բախման պատճառ է հանդիսացել քաղաքաի սրճարաններից մեկում նախորդ գիշեր տեղի ունեցած միջադեպը: Նույն աղբյուրի համաձայն, սրճարանում տարեդարձը նշող հայ եւ հույն երիտասարդների խմբին են մոտեցել կազակներ` քաղաքային կազակների հանրության ատաման Վլադիմիր Պետրուշինի ղեկավարությամբ: Լեզվակռվին հաջորդել է ծեծկռտուքը, որի ընթացքում ատամանին լուրջ մարմնական վնասվածքներ են հասցվել: Ներկայումս նա գտնվում է քաղաքային թիվ 1 հիվանդանոցում, որտեղ նրան վիրահատել են: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են որպես կայուն: Նախնական տվյալներով, հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 282 հոդվածով (ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի հարուցում): Նովոռոսիյսկի քաղաքապետ Վլադիմիր Սինյագովսկին այսօր առավոտյան արտահերթ նիստ է անցկացրել քաղաքաի ազգային համայնքների ներկայացուցիչների հետ եւ հայտարարել է, թե «հրահրողները կբացահայտվեն եւ կպատժվեն»: Պայմանավորվածություն է ձեռք բերվել չսրել իրադրությունը եւ զսպել հակամարտության կողմերի էմոցիաները: Նովոռոսիյսկի հայկական մշակությի «Լույս» կենտրոնում հաղորդել են, որ հայկական կողմը այդ պայմանավորվածությունները խստորեն պահպանել է` հայրենակիցներին զսպվածության կոչ անելով եւ երաշխավորելով, որ իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը: Սակայն, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից եւ նրա հետագա զարգացումը դժվար է կանխատեսել: