Ապրիլի սկզբին Հայաստանի պատվիրակությունը կայցելի Վրաստան այդ երկրում շարունակվող հայկական եկեղեցական եւ մշակութային ժառանգության խնդիրների քննարկման համար, ասվում է Վրաստանի հայկական թեմի այսօր տարածած մամլո հաղորդագրության մեջ, հաղորդում է «Երկիր» թերթը: Պատվիրակության կազմում են Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղարաբաղյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, հոգեվոր խորհրդի անդամ, պրոֆեսոր Ռաֆայել Պապյանը, եպիսկոպոս Եզնիկ Պապյանը: Հայաստանի ներկայացուցիչները նաեւ մտադիր են քննարկել Վրաստանի Հայկական թեմի կարգավիճակի հետ կապված հարցեր: Այդ երկրում կրոնական կազմակերպություինների իրավաբանական կարգավիճակի խնդիրը հատուկ է ոչ միայն հայկական եկեղեցուն, քանի որ օրենսդրական կարգով Վրաստանում կարգավորված է միայն Վրացական ուղղափառ կրոնը: Չնայած օրինագծի նախապատրաստման մասին տեղեկատվությանը, որի համաձայն կրոնական կազմակերպությունները կճանաչվեն մասնավոր իրավունքի սուբյեկտներ, Հայ Առաքելական եկեղեցին հայտարարել է, որ կհրաժարվի այդ կարգավիճակից, քանի որ եկեղեցին հասարակական դեր է կատարում: «Այսօր վրաց սպասավոր հայր Տարիելի (որը 1994 թ., հղում անելով վերեւից ստացված ցուցումներին, ոչնչացրեց 19-րդ դարի Հովնաթանյանների դպրոցին պատկանող խաչքարերն ու որմնանկարները) ղեկավարությամբ շինարարություն է սկսվել հայկական Նորաշեն եկեղեցու պատերի մոտ: Եվ այդ ամենը տեղի է ունենում Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի վարչական շենքից տառացիորեն հարյուր մետրի վրա: Վրաստանի հայկական թեմը մեծ հույսեր է կապում առաջիկա բանակցություններում բոլոր խնդիրների լուծման հետ` այդ թվում եւ Նորաշենի եկեղեցու, որի «սեփականացումը» շարունակվում է մինչ օրս` չնայած, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, թե խնդրի լուծումը հետաձգվել է»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ: