AM
23 March 2005 - 04:20 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵԱՀԿ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՉԻ ՀԱՄՈԶԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունում համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներ այցելած ԵԱՀԿ առաքելությունը հաստատել է «օկուպացված տարածքների բնակեցումը, դրանով իսկ հաստատելով Ադրբեջանի մտահոգությունը»: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ հատուկ նշված են դեժվարին կլիմայական եւ ռելյեֆային պայմանները, սեղմ ժամկետները եւ «արհեստական խոչընդոտների» ստեղծումը դիտարկվող տարածքով տեղափոխվելու համար, ինչը մի շարք դեպքերում թույլ չի տվել այցելել բոլոր անհրաժեշտ վայրերը: Բաքվի առանձնակի մտահոգությունն է հարուցում «առաքելության կողմից հաստատված Լաչինի շրջանի կազմակերպված բնակեցումը, որտեղ նախկինում հայեր չեն բնակվել: Ադրբեջանական կողմը նշել էր Լաչինի շրջանում 13 հազար անձանց վերաբնակեցումը, իսկ առաքելության տվյալներով, այդ թիվը 8-11 հազարի սահմաններում է»,- նշվում է հայտարարության մեջ: Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ «Լաչինը դիտարկվել է որպես առանձին հարց», քանի որ դա մարդասիրական միջանցք է եւ ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Առանց դրա Լեռնային Ղարաբաղը կդառնա մեկուսացված անկլավ: Լաչինը առանձին է դիտարկվում բանակցային գործընթացում, հաշվի առնելով աշխարհագրական եւ քաղաքական իրողությունները, ինչպես նաեւ նրա կարեւորությունը անվտանգության տեսակետից, նշում են համանախագահները: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի այն մեղադրանքներին, թե Հայաստանի կառավարությունը անց է կացնում տարածքների պլանային բնակեցում, ապա, ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության, «առաքելությունը չի հաստատել, որ բնակեցումը Հայաստանի կառավարության նպատակային քաղաքականության արդյունք է»: Ըստ զեկույցի, «փաստահավաք առաքելությունը չի տեսել Հայաստանի իշխանությունների կողմից անմիջական մասնակցության որեւէ վկայություն»: Չնայած դրան, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «թեեւ առաքելությունը ուղղակի պատասխան չի տալիս այդ հարցին, նրա զեկույցում, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի տրամադրած նյութերում, ներառյալ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարների հայտարարությունները, կան բավակաչափ վկայություններ, որոնք հաստատում են Հայաստանի կառավարության անմիջական աջակցությունը բնակեցման գործընթացին»: «Եթե առաքելությունը բնակեցման գործում Հայաստանի մասնակցության ուղղակի հանցանշաններ չի հայտնաբերել, ապա դա նշանակում է միայն այն, որ տվյալ դեպքում Հայաստանը գործել է Լեռնային Ղարաբաղի անջատականների ձեռքով: Հայաստանին այդ հարցի շրջանակներից դուրս բերելու փորձերն անհասկանալի են ու միանգամայն անհիմն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: