Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Ֆլորենցիայում մասնակցել է «Corri la Vita» բարեգործական ակցիային:
Միջոցառումից հետո Պրանդելին ասել է, որ մինչև 2014-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկն իրենք պետք է նորացնեն թիմը: «Առաջիկա մի քանի հանդիպումներում կնշվեն նաև անուններ և գալիք խաղերում հավաքականում կընգրկվեն նոր ֆուտբոլիստներ: Մենք պետք է որոշենք, թե ինչպես համատեղել լավ ֆուտբոլն արդյունքների հետ»,- Իտալիայի հավաքականի մարզչի խոսքերը հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Սկուադրա աձուրան» հոկտեմբերի 12-ին Երևանում «Հրազդան» մարզադաշտում կխաղա Հայաստանի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 16-ին Միլանում` Դանիայի հետ:
«Մենք պետք է լավ աշխատենք հիմա, որպեսզի 2014-ին չամաչենք: Իհարկե, դա հեշտ չի լինի, բայց մեր հավաքականը պետք է անի դա: Միաժամանակ ցանկանում եմ նշել, որ մեզ անհրաժեշտ կլինեն նոր կադրեր»,- ասել է Պրանդելին:
Իտալական թիմը 2014-ի ԱԱ-ի ընտրական փուլում B խմբում ոչ ոքի է խաղացել Բուլղարիայի հետ, հաղթանակ տարել Մալթայի նկատմամբ և չորս միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:






