AM
2 Հոկտեմբեր 2012 - 09:45 AMT

ITF հակադոպինգային հանձնաժողովի ղեկավար. Դոպինգի խնդիրը պրոֆեսիոնալ թենիսում բավական լուրջ է

Թենիսի միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային հանձնաժողովի ղեկավար, դոկտոր Ստյուարտ Միլլերը The Tennis Space թենիսային կայքի համար հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչու պրոֆեսիոնալ թենիսում այդքան հաճախ չեն կատարում դոպինգ թեստեր, ինչպես նաև ներկայացրել իր տեսակետն այդ խնդրի վերաբերյալ:

«Մեր հանձնաժողովը որոշակի ֆինանսական սահմանափակումներ է ունեցել, որոնք թույլ չեն տալիս ավելացնել թեստերի քանակը: 2011-ին ITF-ն մրցումներից դուրս 21 արյան անալիզ է վերցրել` 18-ը տղամարդկանցից, 3-ը կանանցից: Մեզ հաջողվել է ինչ-որ չափով լուծել այդ հարցը, և հիմա մենք ավելացրել ենք ընդհանուր թեստերի թիվը ծրագրի շրջանակներում, դա վերաբերվում է խաղացողների արյան անալիզներին ինչպես մրցաշարերում, այնպես էլ խաղերից դուրս: Հետագայում մենք կպնդենք արյան անալիզների թիվն ավենացնելու վրա»,- ասել է Միլլերը:

Նա նշել է, որ դոպինգի խնդիրը պրոֆեսիոնալ թենիսում բավական լուրջ է, դրա ապացույցը վերջին տարիներին թենիսիստների կողմից դոպինգ օգտագործելու 63 հաստատված դեպքերն են: «Չեմ կարծում, որ մենք կարող ենք բռնել բոլոր խախտողներին, որովհետև ցավոք սրտի մենք հնարավորություն չունենք ստուգել յուրաքանչյուր թենիսիստի ամեն օր: Մեզ համար ակնհայտ է, որ թենիսում օգտագործել են և, հավանաբար, շարունակում են օգտագործել արգելված միջոցներ»: