AM
2 Հոկտեմբեր 2012 - 08:48 AMT

Թիես Քլեմենցը նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» նոր Գլխավոր գործադիր տնօրեն

Հայաստանի կառավարության, Կենտրոնական Բանկի, բանկի հաճախորդների, ինչպես նաև հայաստանյան բանկի աշխատողների մասնակցությամբ երկուշաբթի երեկոյան, հոկտեմբերի 1-ին կայացավ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» նոր Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցի նշանակմանը նվիրված պաշտոնական ընդունելությունը: Նա այս պաշտոնում փոխարինեց Ասթրիդ Քլիֆֆորդին այս տարվա օգոստոսի 29-ին, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

«Ինձ համար մեծ պատիվ ու միաժամանակ մարտահրավեր է ղեկավարել Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում: Բանկն իր ուրույն և առաջատար տեղն է զբաղեցնում չափազանց մրցակցային այս շուկայում, կառույց, որը նաև բացառիկ ֆինանսական հաջողություններ է արձանագրել վերջին երկու տարում: Նշեմ նաև, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն ամենաշահեկան դիրքում է գտնվում ողջ աշխարհի հայությանը Էյչ-Էս-Բի-Սի-ի հայաստանյան բիզնեսի հետ կապելու, ինչպես նաև համաշխարհային բիզնես միտումներին հայաստանյան գործարարներին հաղորդակից դարձնելու համար», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Թիես Քլեմենցը 2012թ. օգոստոսի 23-ից նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և 2012թ. օգոստոսի 29-ին գրանցվել է այդ պաշտոնում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սենտ Գալլենի համալսարանը տնտեսագետի կոչմամբ ավարտելուց հետո 1998թ.-ին իր կարիերան սկսել է Դոյչե Բանկ Էյ Ջի-ի Գլոբալ վերահսկման ակտիվների կառավարման բաժնում: Ֆրանկֆուրտում, Փարիզում և Լոնդոնում Դոյչե Բանկում ակտիվների կառավարման գծով տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո 2005թ. Թիես Քլեմենցը նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Գլոբալ Ասսեթ Մենեջմենթ (Գերմանիա) Ջի Էմ Բի Էյչ-ի Գլխավոր գործառնական տնօրեն և Կառավարիչ: 2010թ. տեղափոխվել է Լյուքսեմբուրգ և Էյչ-Էս-Բի-Սի Տրինկաուս Ինվեստմենթ Մենեջերս Էս էյ-ում զբաղեցրել է Գլխավոր գործադիր տնօրենի և տեղական ղեկավարի պաշտոնը: