Նոր դաշնակիցներ, բառիս աշխարհաքաղաքական իմաստով, Հայաստանը դժվար թե գտնի եվրոպական երկրների թվում: Նման կարծիք է հայտնել Բեռլինում գտնվող Գիտության եւ քաղաքականության գերմանական հիմնադրամի SWP Կովկասի գծով փորձագետ Ուվե Հալբախը, հաղորդում է Deutschewelle: Նրա խոսքերով, ոչ ոք Հայաստանի հետ «դաշինք» չի կնքի երրորդ երկրների, օրինակ, Ադրբեջանի դեմ: Եվրոպան հավասարության սկզբունքով գործընկերություն է առաջարկում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին եւ մերժում է աշխարհաքաղաքական ինտրիգների ցանկացած ձեւ Կովկասի պես կրիտիկական տարածաշրջանում, ընդգծում է Ուվե Հալբախը: Նրա խոսքերով, Եվրոպան բոլորովին վերջերս է սկսել սեւեռուն ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին: Տարածաշրջանի հանդեպ եվրոպացիների հետաքրքրությունը հարուցել է Վրաստանը, որտեղ տեղի ունեցավ առաջին «թավշյա հեղափոխությունը» հետխորհրդային տարածքում: Եվ այսօր այդ երկրում ընթացող քաղաքական զարգացմանը Եվրոպայում հետեւում են առավել մեծ ուշադրությամբ, քան հարեւան երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի իրադարձություններին: Ինչպես նշում է փորձագետը, այնուամենայնիվ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը, որի վրա 2004 թվականից տարածվում է Եմ հարեւանության նոր քաղաքականությունը, առավել հաճախ է ներառվում եվրոպական պետությունների արտաքին քաղաքական օրակարգում: