Հայաստանի միակ խնդիրը այն է, որ նա չունի իր «Սահակաշվիլին», որը կկարողանար մոբիլիզացնել երկիրը խաղաղ իշխանափոխության: Այդ մասին հայտարարել է Բեռլինում գտնվող Գիտության եւ քաղաքականության գերմանական հիմնադրամի SWP Կովկասի գծով փորձագետ Ուվե Հալբախը, հաղորդում է Deutschewelle: Հայաստանում 2003 թվականի վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները համարվում են կեղծված, հիշեցրել է Հալբախը: Երկրում քաղաքական հուզումների առիթ հանդիսացավ այն, որ 2004 թվականի գարնանը ՀՀ Սահմանադրական դատարնը խորհուրդ էր տվել անցկացնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ կառավարությանը վստահության հանրաքվե: Եվ այնուամենայնիվ ուժերի ներքաղաքական դասավորումը Հայաստանում էապես տարբերվում է Վրաստանում իշխանափոխության նախաշեմին տիրող իրավիճակից, ընդգծել է փորձագետը: Սակայն Ուկրաինան եւս, հիշեցնում է նա, 2003 թվականի նոյեմբերին չէին համարում «թբիլիսյան սցենարի» շարունակության հնարավոր թեկնածու: Գերմանացի փորձագետը ընդգծել է, որ ուկրաինական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո կրկին հարց առաջացավ, թե որտեղ Մինսկի եւ Բիշքեկի միջեւ ընկած տարածքում տեղի կունենա հաջորդ «գունավոր հեղափոխությունը»: Հայաստանը դեռեւս գույներ չի ընտրել իր «թավշյա հեղափոխության» համար, սակայն արդեն ուղղումներ է մտցրել իր արտաքին քաղաքական կուրսի մեջ: