AM
28 March 2005 - 04:09 AMT

ՀԱՅ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԲԵՄՈՒՄ

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովի առաջիկա համերգի հակառակորդները պատրաստ են վճռական քայլերի դիմել այն դեպքում, եթե համերգի կազմակերպիչները չփոխեն իրենց որոշումը համերգ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.NET-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության` ՀՅԴ երիտասարդական թեւի նախագահ Իշխան Սաղաթելյանը: Հիշեցնենք, որ մարտի 24-ին Երեւանում Ֆիլիպ Կիրկորովի համերգի կազմակերպիչներին բողոքի նամակ է հղվել, որտեղ հեղինակները կոչ են արել թույլ չտալ համերգի անցկացումը: Որպես հիմնավորում ուղերձում նշվում է այն փաստը, որ Կիրկորովը ունի ակնհայտ հակահայկական եւ նույնիսկ թուրքամետ դիրքորոշում եւ, բացի այդ, վերջերս հրապարակայնորեն վիրավորել էր հայ լրագրողուհուն` քամահրանքով նշելով նրա ազգային ծագումը: Ի.Սաղաթելյանի խոսքերով, այն դեպքում, եթե մինչեւ ապրիլի 3-ը նրանք պատասխան չստանան համերգի կազմակերպիչ «Մանուկյան» ՓԲԸ-ից, ինչպես նաեւ, եթե պատասխանը բացասական լինի, համերգի անցկացման հակառակորդները կսկսեն գործել: Այն հարցին, թե ինչպիսին կլինեն նրանց գործողությունները, Ի.Սաղաթելյանը պատասխանել է.«Դա անակնկալ կլինի»: Ինչպես նշել է ուսանողական միության նախագհը, այսօրվա դրությամբ էապես նվազել է Կիրկորովի համերգի տոմսերի սպառումը, թեեւ պաշտոնապես դրանք ակտիվորեն վաճառվում նե: Մեկնաբանելով Կիրկորովի այն հայտարարությունը, թե Բուլղարիան երկար ժամանակ եղել է հայկական լծի տակ, Ի.Սաղաթելյանը ընդգծել է, որ դա առավել եւս պարտավորեցնում է հայերին թույլ չտալ համերգի անցկացումը: Սաղաթելյանի խոսքերով, այսօրվա դրությամբ նման կարծիքի են ոչ միայն երիտասարդական կազմակերպությունները, այլեւ մշակույթի շատ գործիչներ, որոնք անունները նա նպատակահարմար չգտավ նշել: Մինչդեռ նա նշել է, որ հայ էստրադայի ներկայացուցիչներ Անդրեն եւ Շուշան Պետրոսյանը ոչ միայն հրաժարվել են հանդես գալ Կիրկորովի հետ նույն բեմում, այլեւ պատրաստակամություն են հայտնել ամեն կերպ աջակցել համերգի հակառակորդներին: