AM
29 March 2005 - 05:52 AMT

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ

Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կմեկնարկի հայկական գրերի ստեղծման 1600 ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության «Մաշտոց 1600» մրցույթը: Մրցույթին կարող են ներկայացվել Հայաստանին եւ հայերին վերաբերող ցանկացած ինտերնետային էջ, CD եւ DVD: Մրցույթն անցկացվելու է «էլեկտրոնային ուսուցում», «էլեկտրոնային մշակույթ», «էլեկտրոնային գիտություն», «էլեկտրոնային կառավարում», «էլեկտրոնային առողջապահություն», «էլեկտրոնային բիզնես», «էլեկտրոնային զվարճանք», «էլեկտրոնային ներգրավում» եւ «հայկական տառատեսակներ» անվանակարգերում: Ինչպես «PanARMENIAN.NET» գործակալությանը հայտնել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը, մրցույթի անցկացման գլխավոր նպատակն այս տարվա նոյեմբերի 16-ից 18-ը Թունիսում կայանալիք աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակության եւ ստեղծագործության մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացուցիչների ընտրելն է: Հիշեցնենք, որ 2003 թվականին Ժնեւում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված էլեկտրոնային բովանդակության մրցույթի «էլեկտրոնային գիտության» անվանակարգի մրցանակը շնորհվել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների հետազոտական կենտրոնին` «Տվյալների վիզուալիզացիայի ինտերակտիվ ցանց» ինտերնետային էջի` crdlx5.yerphi.am համար: