AM
5 Հոկտեմբեր 2012 - 07:08 AMT

Արայիկ Բաղդադյան. Ես գոհ եմ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում հայ մարզիկների ելույթներից

«Ես գոհ եմ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում հայ ազատ ոճի ըմբիշների ելույթներից: Սակայն կարող եմ ասել, որ որոշ ըմբիշները իրենց հնարավորություններից ավելի վատ են հանդես եկել: Նրանք պետք է շատ աշխատեն և շտկեն իրենց սխալները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Վանաձորում հոկտեմբերի 2-3 կայացած մրցաշարին հայ ըմբիշները կարողացել են 7 քաշային կարգերից 4-ում 1-ին հորիզոնական զբաղեցնել:

55 ջ 66 կգ ք/կ հաղթել են Ժիրայր Հովհաննիսյանն ու Դավիթ Ապոյանը, մրցաշարում հաղթող են դարձել նաև Մուսա Մուրթազալիևը (74կգ ք/կ) և Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ):

Մարզչի խոսքով, իրենց հիմնական խնդիրը ծանր քաշային կարգում ուժեղ ըմբիշների բացակայությունն է. «Ռուսլան Բասիևին (120կգ ք/կ) մենք այլևս չենք հրավիրում հավաքական. մեզ չեն բավարարում նրա արդյունքները: Այս քաշային կարգում մենք պետք է նոր մարզիկ փնտրենք»:

Հայ ազատ ոճի ըմբիշները առաջիկայում ելույթ կունենան 2 միջազգային մրցաշարերում, իսկ դեկտեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: